Skip to main content

Tag: Իսրայել

Սիրիայի համար պայքարը թեժանում է, քանի որ արաբական երկիրը դիտարկվում է որպես «Միջին միջանցք» նախագծի կարևոր օղակ

 

Արաբագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Սիրիան Մերձավոր Արևելքում դառնում է «Միջին միջանցք» նախագծի կարևոր օղակ, որտեղ Միացյալ Նահանգներն ու այլ խաղացողներն իրենց համար տեսնում են բավականին մեծ հնարավորություններ, մինչդեռ Իսրայելը փորձում է բոլոր իրավիճակներում ազդեցության լծակները պահել իր ձեռքում և թույլ չտալ հարևանությամբ ուժեղ պետության ստեղծում։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Քոչարյանն անդրադարձավ Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վերջին հրետակոծություններին, ինչպես նաև արաբական երկրի դերակատարության խնդրին մերձավորարևելյան աշխարհաքաղաքական գործընթացներում։ 

«Իսրայելը նոր չէ, որ մտնում է Սիրիայի տարածք, և դա անում է հաճախակի՝ իրականացնելով ցամաքային գործողություններ, մինչդեռ Միացյալ Նահանգներն ամեն կերպ ցանկանում է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Սիրիային ու Իսրայելին, սակայն վերջինս, ելնելով անվտանգային իր նկատառումներից, նախևառաջ ցանկանում է չեզոքացնել Սիրիայում տեղակայված և իր անմիջական սահմանի հարևանությամբ գործող, բավականին լավ զինված ահաբեկչական խմբավորումներին»,- ասաց Քոչարյանը։ 

Արաբագետի կարծիքով՝ Իսրայելը պահպանում է գերակա վերահսկողություն նաև օդային տարածքում և հենվելով հետախուզական տեղեկությունների վրա՝ կարողանում է կանխել իրավիճակի ցանկացած փոփոխություն, որը ձեռնտու չէ իրեն։ Սիրիայում կան տարբեր խմբավորումներ, չլուծված բազմապիսի խնդիրներ, որոնք իսրայելական կողմն օգտագործում է որպես պատրված՝ Սիրիայի տարածք մտնելու համար։    

«Պաշտոնական Դամասկոսն իր հերթին պայման է առաջադրում, որպեսզի իսրայելական զինուժը դուրս գա Սիրիայի տարածքից, ինչից հետո նոր կգնա բանակցությունների նրա հետ։ ԱՄՆ-ն իր հերթին ճնշում է գործադրում Սիրիայի իշխանությունների վրա՝ ստեղծելով տարբեր իրավիճակներ, որպեսզի վերջիններս գան համաձայնության և գործարք կնքեն իսրայելական կողմի հետ։ Դեռ ջանքերն անցնում են ապարդյուն, որովհետև Սիրիայի կենտրոնական իշխանությունը մյուս կողմից ամրանալու կարիք ունի, ինչը թույլ չի տալիս Միացյալ Նահանգներին վերջնագրի տեսքով ինչ-որ բան պարտադրել Սիրիայի իշխանություններին»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Քոչարյանի դիտարկմամբ՝ Իսրայելը պարբերաբար օգտագործում է նաև քրդերի և դրուզների գործոնները, որպեսզի Սիրիայում ձեռքը շարունակ պահի արաբական երկրի ներքաղաքական զարգացումների զարկերակի վրա՝ ամրապնդելով իր դերը տարածաշրջանային զարգացումներում, մինչդեռ ԱՄՆ-ն էլ ձգտում է Սիրիային ներգրավել հավակնոտ նախագծերում։ 

«Գիտակցելով մերձավորարևելյան գործընթացներում Սիրայի դերակատարության բարձրացումը՝ Իսրայելն ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ պրոցեսը և ազդելով իր դաշնակց ԱՄՆ-ի վրա՝ ստիպում է նրան ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ նրանց պարտադրելով գնալ զիջումների։ Վերջիններս դեռ դիմադրում են։ Հարցն ի վերջո այն է, թե Սիրիան կներգրավվի՞ տարածաշրջանային մեծ նախագծերում, թե՞ կմնա որպես խնդիրներ հարուցող երկիր։ Մեծ խաղացողների տեսանկյունից սա կարևոր հարց է»,- մանրամասնեց արաբագետը։ 

Աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում Քոչարյանն անդրադարձավ նաև սիրիական խնդրով շահագրգիռ Թուրքիայի վարքագծին՝ նշելով, որ Անկարայի ազդեցությունն արաբական երկրի կառավարության վրա նույնպես բավականին մեծ է։

«Բացի դրանից Սիրիայում գործում են որոշ զինված խմբավորումներ, որոնք ուղղակիորեն կապված են Թուրքիայի հետ, սակայն Դամասկոսում գիտակցում են առկա իրավիճակը, հասկանում են, որ Թուրքիան ու Իսրայելը կարող են հենց արաբական երկրի տարածքում միմյանց միջև հարցեր պարզել, ուստի փորձում են խուսանավել առճակատումից և հավասարակշռված մոտեցում ցուցաբերել երկու կողմերին և բալանսավորված աշխատել երկուսի հետ։ Առայժմ Սիրիայի իշխանություններին այդ առումով հաջողվում է պահպանել փխրուն իրավիճակը»,- եզրահանգեց արաբագետը։ 

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ 

Սիրիական կողմը հաղորդում է, որ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1236489