Skip to main content

«Ցանցապետություն» տեսություն

Ժամանակակից աշխարհի տրանսֆորմացիայի արագության համատեքստում տարածաշրջանի և Հայաստանի վերջին զարգացումներն ավելի արդիական ու կարևոր են դարձնում Հայաստան-Սփյուռք համակողմանի ու բազմաշերտ փոխգործակցության, և  այդ փոխգործակցության բաղադրիչների, ձևերի ու միջոցների վերանայման անհրաժեշտությունը։ Ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում նոր հայեցակարգերի մշակումը, որն ուղղված կլինի աշխարհասփյուռ հայկական համայնքներում համահայկական միասնական օրակարգի հարստացմանը, դառնում է ժամանակի հրամայականը։ Գիտական ուսումնասիրությունների հենքի վրա ստեղծված հայության ցանցայնացմանը միտված այդ նոր հայեցակարգերը, որոնք ուղղված կլինեն հայ ժողովրդի ինքնության, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և զարգացմանը, կիրառական նշանակություն կարող են ունենալ Հայաստանի և Սփյուռքի անվտանգության մակարդակի բարձրացման և համահայկական նոր ցանցերի ստեղծման համար։ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը  մշակութային համակարգերի կողմից գլոբալ քաղաքակրթական ազդեցությունների ադապտացման առանձնահատկությունները վերլուծելու, մեր տարածաշրջանում տեղի ունեցող սկզբունքային արժեքային փոփոխությունների հանգեցնող գործընթացներն ուսումնասիրելու, Հայաստանի և Սփյուռքի (համայնքների) միջև եղած կապերն ու դրանց առանձնահատկությունները գնահատելու  և այդ տեսական հենքից ելնելով՝ կիրառական գիտավերլուծական աշխատանքներ է իրականացրել 2007 թվականից։ Կենտրոնում մշակված «Ցանցապետության» տեսությունը, որպես ցանցայնացման համահայկական ծրագրի կիրարկման նոր գործիք, կարող է դառնալ ՀՀ և Սփյուռքի անվտանգության և մարտահրավերներին դիմագրավելու հայեցակարգային կաղապար։ «2018 թ-ի իրադարձությունները Հայաստանում. ցանցային մտածողություն» ընդհանուր խորագրով կենտրոնի պրակը, որ վերլուծում է հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայկական համայնքների արձագանքները թե՛ տեսական, թե՛ գործնական տեսանկյունից, դրանում ամփոփված հետազոտության արձագանքներն ու դրանց հիման վրա կազմակերպված քննարկումները ցույց տվեցին Հայաստան-Սփյուռք համակողմանի, նոր գործիքակազմով ու ավելի ընդլայնված ուսումնասիրությունների անհրաժեշտությունն ու արդիականությունը: Ծրագրի նպատակն է «Ցանցապետության»՝ որպես համահայկական  ցանցայնացման նոր հայեցակարգի կիրառմամբ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ու փոխգործակցության ուսումնասիրությունը, «գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման և զարգացման քաղաքականության» ուղենիշերի և ավելի առարկայական մեխանիզմների մշակումը՝ դրանց կյանքի կոչմանն ուղղված գործիքակազմը հստակեցնելու, այս նպատակին հասնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները վերացնելու կամ դրանք տրանսֆորմացնելու համար։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նոր ալգորիթմներ առաջարկել կառավարության նպատակներում ամրագրված դրույթների՝ համահայկական ցանցերի ստեղծման և զարգացման, Հայաստանի զարգացմանը Սփյուռքի ներուժի ներգրավման, համահայկական կառույցների ամրապնդման համար։ Հետազոտական հիմնական խնդիրներն են՝
  • Լրամշակել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերլուծող «Ցանցապետություն» հայեցակարգի դրույթները և դրանք կյանքի կոչելուն ուղղված քայլերը։
  • Վեր հանել հայության ցանցայնացմանը նպաստող  մեխանիզմներն ու նկարագրել դրանց գործիքակազմը։
  • Ուսումնասիրել ցանցայնացման պայմաններում պետության ֆունկցիաների փոփոխման հնարավորությունները և դրանց կաղապարները։
  • Հետազոտել արժեքային համակարգերի և քաղաքակրթական հոսքերի փոխազդեցությունների սկզբունքները ցանցայնացման պայմաններում։
  • Վերլուծել տարածաշրջանային քաղաքական և հասարակական՝ Հայաստանի և հայության վրա ազդող գործընթացները։

Կարող է նաև հետաքրքրել ՝