Skip to main content

Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները

Մայիսի 30-ին Բուխարեստի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանի «Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները» դասախոսությամբ ավարտվեց «Հայկական քաղաքականություն, հասարակություն և մշակույթ» խորագրով ինտենսիվ դասընթացների շարքի երկրորդ շրջափուլը, որը «Ընդլայնելով Հայաստան-Ռումինիա երկխոսությունը ակադեմիական փոխանակման միջոցով» ծրագրի ամփոփիչ գործողությունն էր: Դասընթացի ավարտին մասնակիցներին  հավաստագրեր հանձնեց Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը:

ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանն այս դասընթացի շրջանակում արդեն իսկ հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի ու բնակչության էթնիկ զտման, տարածաշրջանային թնջուկում ածխաջրածնային հարստությունների դերի, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի քաղաքական համակարգի, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ դասախոսություններով:

Ակադեմիական փոխանակման միջոցով հայ-ռումինական երկխոսության բարելավմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում էր Black Sea Trust for Regional Cooperation հիմնադրամի աջակցությամբ: Այս համատեղ ակադեմիական նախաձեռնությունը բաղկացած էր երկու կուրսից, որոնք անցկացվել են Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում 2023-2024թթ. ակադեմիական տարում: Որպես հրավիրյալ դասախոսներ Հայաստանի և Հարավային Կովկաս տարածաշրջանի վերաբերյալ դասախոսություններով են հանդես եկել ՔՄՀԿ հետազոտողներ Աննա Գևորգյանը, Նարեկ Սուքիասյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Էրիկ Դավթյանը, ինչպես նաև Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Oana Valentina Suciu-ն: Ծրագրի շրջանակում 2024թ.-ի գարնանը կազմակերպվեց գարնանային դպրոց Երևանում` ռումինացի ուսանողների և դասախոսների ներգրավմամբ, ինչպես նաև միջազգային գիտաժողով Բուխարեստում:

 

Կարող է նաև հետաքրքրել ՝