Ռուսաստանը մշուշում. կհաղթահարի արդյոք 2023 թվականը

Մարտի 22-ին ՔՄՀԿ կենտրոնում հիբրիդային ձևաչափով տեղի ունեցավ Մոսկվայի «Կարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի» ավագ հետազոտող Անդրեյ Կոլեսնիկովի դասախոսությունը «Ռուսաստանը մշուշում. կհաղթահարի արդյոք 2023 թվականը» թեմայով: Միջոցառման համակարգողն էր ՔՄՀԿ տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը, իսկ դիսկուսանտը՝ ՔՄՀԿ գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը: Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանը պետության և հասարակության վրա, Ռուսաստանում ստեղծված տնտեսական, քաղաքական և բարոյական մթնոլորտին, պատերազմի հետևանքով մի կողմից երիտասարդ մասնագետների արտահոսքին, մյուս կողմից՝ պատերազմական գոտուց վերադարձածների ադապտացիային, հասարակության շրջանում հարմարվողականության մթնոլորտի աճին: Բանախոսը նաև անդրադարձավ Ռուսաստանի համար Չինաստանի դերի բարձրացմանը և նրանից կախվածության մեծացմանը: Նա ընդգծեց Ռուսաստանի ամրությունը՝ շնորհիվ իր ռեսուրսային հարստության (այդ թվում և մարդկային), ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների՝ Չինաստանի համար հումքային կցորդ դառնալու պատրաստակամությունը՝ հույս ունենալով, որ ՉԺՀ-ն սրա դիմաց կկարողանա բավարարել պատժամիջոցների հետևանքով գոյացած պահանջները: Ամփոփելով նա նշեց, որ այս ամենը թույլ է տալիս վստահություն հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա որոշ չափով դիմակայել մարտահրավերներին:

