Skip to main content

Մեր երկիրը Ադրբեջանին առնչվող ուսումնասիրությունների կարիք ունի, որոնց եզրակացությունների հիման վրա համապատասխան քաղաքականություն է պետք մշակել

Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային գիտական ամսագրում վերջերս տպագրվել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանի և Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Անուշ Բրուտյանի ուսումնասիրությունը` վերնագրված «Վաճառվում է իսլամական համերաշխություն․ Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Ադրբեջանի բրենդավորման համատեքստում»։ Այս հոդվածը վերաբերում է Ադրբեջանի կողմից իսլամական համերաշխություն հասկացության օգտագործմանը՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում իսլամական պետությունների աջակցությունը ստանալու համար: Ուսումնասիրությունն իրականացվել է Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի (ծրագիր՝ The Future of Karabagh) և ՀՀ Գիտության կոմիտեի [21AG-6A081] աջակցությամբ։ 

Հոդվածում, վերլուծելով Ադրբեջանի նախագահի որոշ ելույթներ, գիտաշխատողները ցույց են տվել, որ Ադրբեջանը իրեն բրենդավորում է որպես կամուրջ՝ Արևմուտքի և Իսլամական աշխարհի միջև․ ըստ Նաիրա Սահակյանի, սակայն, դա հոդվածի հիմնական թեզի միայն մի մասն է․

Աշխատանքում Նաիրա Սահակյանն ու Անուշ Բրուտյանը ցույց են տվել կարևոր, և  միևնույն ժամանակ հայերիս համար չափազանց վտանգավոր երևույթ, որ տասնամյակներով կիրառվում է Ադրբեջանի կողմից․ «Մենք Ալիևյան ճառերը վերլուծում ենք պետությունների բրենդավորման համատեքստում, երբ որևէ պետություն՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար փորձում է իմիջ կերտել։ Ու պարտադիր չի, որ այդ իմիջը համապատասխանի իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետությունը ակտիվորեն աշխատում է իր բրենդավորման վրա՝ փորձելով իրեն ներկայացնել որպես Արևմուտքն ու իսլամական աշխարհը կամրջող երկիր: Դրա համար Ադրբեջանը մի կողմից ստեղծում է աշխարհիկ, բազմամշակութային պետության, իսկ մյուս կողմից՝ իսլամական երկրների մեջ առաջատար պետության և իսլամական համերաշխության առաջամարտիկի իր իմիջը: Կամուրջ լինելու ու իսլամական համերաշխությանը սատարելու թեզերով Ադրբեջանը հատկապես թիրախավորում է իսլամական աշխարհի մյուս երկրներին, որոնցից նա ակնկալիքներ ունի»։

Մեդալի մյուս կողմում արդեն ալիևյան պահանջներն են այս երկրներից, որոնք Արցախյան հիմնահարցում աջակցում են Ադրբեջանին․ «Ալիևն, ըստ էության, վաճառում  է Ադրբեջանի իսլամական համերաշխությունը և դրա գինը ԼՂ հարցում իսլամական երկրների աջակցությունն է Ադրբեջանին»։

Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը այս հարցում կարողացել է հասնել իր նպատակին․ «Եթե դիտարկեք Իսլամական համագործակցություն կազմակերպության գործունեությունը Արցախյան հիմնահարցի հետ կապված, կտեսնեք, որ այդտեղ Ադրբեջանը մեծ հաջողություններ է գրանցել։ Նախ հարցը այն է, որ այս կազմակերպությունում Ալիևը չունի հակադարձող կողմ, որովհետև հասկանալի պատճառներով մենք այդ կազմակերպության մաս չենք։ Մյուս կողմից էլ Ադրբեջանին հաջողվել է այստեղ ստեղծել մի դիսկուրս, ըստ որի Հայաստանը ոչնչացնում է իսլամական ժառանգությունը։ Արդյունքում ԻՀԿ-ն ընդունել է մի շարք բանաձևեր, որոնք դատապարտում են Հայաստանին»։

Այս ամենը, սակայն, ըստ Սահակյանի, չի նշանակում, որ Հայաստանը վատ հարաբերություններ ունի իսլամական աշխարհի հետ։ Որոշ պետությունների հետ, ինչպիսին է, օրինակ, Պակիստանը, մեր երկիրը վատ հարաբերությունների ունի, սակայն իսլամական մի շարք այլ պետությունների պարագայում պատկերն այլ է․ «Օրինակ, արաբական երկրները, որոնք ունեն մեծամասամբ իսլամական բնակչություն։ Այս երկրների մի մասում՝ հատկապես Սիրիայում և Լիբանանում, մենք ունենք ավանդական սփյուռքը, այս երկրների հետ մենք ունենք շատ լավ հարաբերություններ և այդ հարաբերությունները  Հայաստանի անկախացումից ի վեր զարգանում են։ Մեկ այլ օրինակ Իրանն է, որը, թեև իսլամական երկիր է, բայց Հայաստանի համար լավ հարևան է։ Այս երկրների հետ ունեցած հարաբերությունների պարագայում աշխատում են պատմամշակութային ու քաղաքական ենթաշերտերը, դրանք կապում են մեզ։ Այս գործոնի, իհարկե նաև քաղաքական և տնտեսական մի շարք շահերի պատճառով, իսլամական սոլիդարության մասին ալիևյան թեզերը այս երկրների դեպքում չեն աշխատում»։ 

Սահակյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իր նպատակը Հայաստանը մեկուսացնելն ու մեր երկրի զարգացումը կանխելն է, սակայն հանգամանքը, որ մեր երկրում կան մի շարք իսլամական երկրների դեսպանատներ ցույց է տալիս, որ Ալիևին չի հաջողվում հասնել նպատակին․ «Իհարկե, դեսպանատուն ունենալը միակ բանը չէ, որ մենք պետք է անենք։ Հարաբերությունները ամրապնդվում են հատկապես համատեղ տնտեսական և այլ ծրագրերով, ներդրումներով և այլն։ Մենք պետք է ձգտենք այս երկրների հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելուն, իսկ որոշ դեպքերում էլ պետք է ճկունությամբ մոտենանք նրանց դիրքորոշմանը որոշ հարցերի վերաբերյալ։ Այնպիսի ճկունություն, ինչպիսին մենք տեսնում ենք, օրինակ,  Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում, որտեղ անվտանգային հարցերում այս երկրների փոխհարաբերությանը չի խանգարում, օրինակ, Պաղեստինի խնդիրը կամ էլ մինչև վերջերս Իսրայելում դեսպանատուն չունենալը»։ 

Խոսելով ուսումնասիրության կարևորության մասին՝ Նաիրա Սահակյանն ասում է, որ մեր երկիրը Ադրբեջանին առնչվող ուսումնասիրությունների կարիք ունի, սակայն կոնկրետ այս հոդվածի դեպքում նպատակները երկուսն են․ «Առաջինը՝ անգլերենով գրել աշխատանք, որը իսլամական երկրների ընթերցողներին թույլ կտա հասկանալ ալիևյան քաղաքականությունը իրենց երկրների հանդեպ։ Մեզ պետք է գիտական դաշտում ակտիվ լինել, իրականության մասին բարձրաձայնել։ Երկրորդ նպատակը Ադրբեջանը մեզ համար հասկանալի դարձնելն է։ Միայն ճանաչելով է հնարավոր  կանխատեսելի դարձնել Ալիևի քայլերը։ Ցավոք սրտի, դրանք շարունակում են մնալ թշնամական և հակահայկական․ եթե ուզում ենք շարունակել Երրորդ Հանրապետության կյանքը, մեզ պետք է Ադրբեջանն ուսումնասիրել և այդ վերլուծությունների և եզրակացությունների հիման վրա համապատասխան քաղաքականություն մշակել»։ 

Նաիրա Սահակյանն ասում է, որ նմանատիպ հոդվածների տպագրությունները շարունակական են լինելու․ «Այս պահին ևս երեք հոդվածի վրա եմ աշխատում, որոնք հույս ունեմ տպագրել այս տարվա ընթացքում»։

Source: https://infocom.am/hy/article/96972?fbclid=IwAR21Am9YlpzWjVFAwylJltBTvQj8D-qcrgKzrGr-XTQqm5j8K3tXAFFQIa0

Կարող է նաև հետաքրքրել ՝