«Հիշում եմ և պահանջում» կարգախոսը և Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման մարտահրավերները 21-րդ դարում
Ապրիլի 10-ին ՔՄՀԿ-ում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի զեկուցում-քննարկումը՝ ««Հիշում եմ և պահանջում» կարգախոսը և Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման մարտահրավերները 21-րդ դարում» թեմայով:
Զեկուցման բուն մասը նվիրված էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի բաղադրիչներին և դրանցից բխող հարցերին՝ ու՞մ եմ հիշում, ի՞նչն եմ հիշում, ինչպե՞ս եմ հիշում, ի՞նչ եմ պահանջում, ումի՞ց եմ պահանջում, ինչպե՞ս եմ պահանջում: Ըստ բանախոսի՝ հենց այս հարցերի պատասխաններն են հայաստանյան հասարակության մեջ Ցեղասպանության հիշողության նոր որակ ձևավորում:
Բանախոսը նաև խոսեց հասարակության մոտ զոհի կաղապարի և մշակույթի կայունացման մասին, ինչը մասամբ նաև պայմանավորված է նրանով, որ մինչ օրս ապրիլի 24-ը նշվում է որպես «Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: Կարևորելով նաև Ցեղասպանությունը վերապրածների և հայերի ինքանապաշտպանական մարտերի մասին հիշողությունը՝ բանախոսը անհրաժեշտ է համարում վերոնշյալ կարգախոսի մեջ իրականացնել շեշտադրումների փոփոխություն: Ըստ այդմ նա նոր բանաձևի երկու տարբերակ է առաջարկում. «Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական կռիվների հերոսների հիշատակի օր» կամ «Հայոց ցեղասպանության հիշատակի օր. զոհեր, դիմադրողներ, վերապրողներ»:
Խոսելով Ցեղասպանության հիշողության առջև ծառացած մարտահրավերներից՝ բանախոսը նշեց, որ դրանցից մեկն այն մոտեցումն է, որ Հայոց ցեղասպանությունը դեռևս շարունակվում է աշխարհին ներկայացվել գերազանցապես որպես ազգային ողբերգություն, այլ ոչ թե՝ որպես չարիք համայն մարդկության դեմ։ Այստեղ նա զուգահեռ անցկացրեց Հոլոքոստի հետ, որն աշխարհին ներկայացվում է որպես համամարդկային չարիք, որի չկրկնվելու համար անհրաժեշտ է իմանալ դրա հիմնական դասերը։
Շարունակելով համեմատականներ տանել Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև՝ բանախոսը նշեց, որ առաջինին նվիրված բազմաթիվ թանգարաններ ու ցուցադրություններ են գործում, մինչդեռ Հայոց ցեղասպանությանը նվիրված է հազիվ երեք-չորս թանգարան: Եվ թեև Ցեղասպանության հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում, դրանք չեն կարող փոխարինել թանգարաններին. թանգարանների և հուշարձանների հնարավորությունները շատ տարբեր են:
Բանախոսն անդրադարձավ նաև Ցեղասպանության դասավանդման հարցին՝ նշելով, որ Հայաստանի դպրոցներում նրա դասավանդմանը հատկացված է ընդամենը մի քանի դասաժամ: Բացի այդ, ծնողների մի ստվար հատված այն կարծիքին է, որ Ցեղասպանության դասավանդումը կհանգեցնի երեխաների մոտ զոհի կաղապարի և այլ բացասական բարդույթների ձևավորմանը: Բանախոսը, սակայն, հերքեց այս մտավախությունները՝ հավելելով, որ 2022 թ. ապրիլին ՀՑԹԻ-ն այս հարցերին նվիրված միջազգային գիտաժողով է հրավիրել՝ «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» վերտառությամբ։ Հետագա ամիսներին մշակվել է ավագ դպրոցի և բուհերի համար նախատեսված «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացը, որը ժամանակ անց կտրամադրվի ԿԳՄՍՆ-ին։
Բանախոսը անդրադարձավ նաև ՀՑԹԻ-ին շրջապատող 100 հա կանաչապատ տարածքում խորհրդանշական հանրային տարածքի՝ «Հիշողության զբոսայգու» կառուցման հնարավորությանը, որը թույլ կտա այցելուներին պարբերաբար թարմացնել իրենց գիտելիքը հայոց ոչ հեռավոր անցյալի մասին:
Զեկուցման վերջին մասում բանախոսը անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումներին՝ նշելով առավել հայտնի մի քանի մոտեցումներ:
Բանախոսն իր ելույթն ավարտեց պահանջատիրության տեսանկյունից կարևոր մի շարք դրույթների ներկայացմամբ՝ հիմնվելով իր մի քանի ծավալուն հրապարակումների վրա: Զեկուցման ավարտին բանախոսը պատասխանեց մասնակիցներին հուզող մի շարք հարցերի:
Զեկուցումը ձայնագրված տարբերակով կարող եք դիտել այստեղ.


