«Հայկական քաղաքականություն, հասարակություն և մշակույթ»

Նոյեմբերի 20-ին մեկնարկել է Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի (Facultatea de Stiinte Politice a Universitatii din Bucuresti – FSPUB) և Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Հայկական քաղաքականություն, հասարակություն և մշակույթ» խորագրով ինտենսիվ դասընթացների շարքը:
ՔՄՀԲ հետազոտող Աննա Գևորգյանը դասընթացի շրջանակում հանդես է եկել ժամանակակից Հայաստանի քաղաքական պատմության, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգերի, Հայաստան-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ դասախոսություններով: Առաջիկա օրերին Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողները կունկնդրեն նաև Հայաստան-Իրան հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում գենդերային քաղաքականության թեմայով դասախոսություններ:


Ակադեմիական փոխանակման միջոցով հայ-ռումինական երկխոսության բարելավմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է Black Sea Trust for Regional Cooperation հիմնադրամի աջակցությամբ: Այս համատեղ ակադեմիական նախաձեռնությունը բաղկացած է երկու կուրսից, որոնք անցկացվելու են Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում 2023-2024թթ. ակադեմիական տարում: Որպես հրավիրյալ դասախոսներ Հայաստանի և Հարավային Կովկաս տարածաշրջանի վերաբերյալ դասախոսություններով են հանդես գալու ՔՄՀԿ հետազոտողներ Աննա Գևորգյանը, Նարեկ Սուքիասյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Էրիկ Դավթյանը, ինչպես նաև Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Oana Valentina Suciu-ն: 2024թ. նախատեսվում է նաև գարնանային դպրոցի անցկացում Երևանում՝ ռումինացի ուսանողների և դասախոսների ներգրավմամբ: