«Հայկական քաղաքականություն, հասարակություն և մշակույթ»

«Ընդլայնելով Հայաստան-Ռումինիա համագործակցությունը ակադեմիական փոխանակման միջոցով» ծրագրի «Հայկական քաղաքականություն, հասարակություն և մշակույթ» ինտենսիվ դասընթացի շրջանակում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Էրիկ Դավթյանը դեկտեմբերի 9-15ը Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի (Facultatea de Stiinte Politice a Universitatii din Bucuresti – FSPUB) ուսանողներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ դասախոսություններ: Ռումինական ակադեմիայի Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ինստիտուտի հետազոտողների համար Էրիկ Դավթյանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ դասախոսությամբ:
Ակադեմիական փոխանակման միջոցով հայ-ռումինական երկխոսության բարելավմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է Black Sea Trust for Regional Cooperation հիմնադրամի աջակցությամբ: Այս համատեղ ակադեմիական նախաձեռնությունը բաղկացած է երկու կուրսից, որոնք անցկացվելու են Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում 2023-2024թթ. ակադեմիական տարում: Հայաստանի և Հարավային Կովկաս տարածաշրջանի վերաբերյալ դասախոսություններով են հանդես գալու ՔՄՀԿ հետազոտողներ Աննա Գևորգյանը, Նարեկ Սուքիասյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Էրիկ Դավթյանը, Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Oana Valentina Suciu-ն: 2024թ. նախատեսվում է գարնանային դպրոցի անցկացում Երևանում՝ ռումինացի ուսանողների և դասախոսների ներգրավմամբ, ինչպես նաև միջազգային կոնֆերանսի կազմակերպում Բուխարեստում:


