Skip to main content

Հայաստանը տարածաշրջանային եվ համաշխարհային համատեքստում

Երևանի պետական համալսարանի և Փարիզի «SciencesPo» համալսարանի համագործակցությամբ հունվարի 7-14 Երևանի պետական համալսարանում անցկացվել է «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» մեկշաբաթյա ձմեռային դպրոցը, որին մասնակցում էր Փարիզի «SciencesPo» համալսարանի 20 ուսանող: Ձմեռային դպրոցի ծրագիրը մշակել են ԵՊՀ ՀՀԻ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնի աշխատակիցները: Ձմեռային դպրոցի ընթացքում ուսանողներին ներկայացվել է Հայաստանը պատմական, մշակութային, քաղաքական, սոցիալական, տնտեսական և անվտանգային հիմնախնդիրների  ծիրում և ոչ միայն տարածաշրջանային, այլև առավել ընդարձակ հետ-խորհրդային եվրասիական և գլոբալ համատեքստում։ 

Դպրոցի բովանդակային ծրագիրը կազմված էր երեք միմյանց փոխկապակցված բաժիններից՝ Հայաստանը, տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը և տարածաշրջանային այլ երկրներ Թուրքիան և Իրանը, և երրորդը՝ Հայաստանը գլոբալ պրոյեկտների մրցակցության պայմանններում։   

Ձմեռային դպրոցի դասախոսներն էին իրենց ոլորտի առաջատար գիտաշխատողներ, դասախոսներ և փորձագետներ, որոնք աշխատում են տարբեր պետական, գիտակրթական, հետազոտական, մշակութային, ինչպես նաև հասարակական կազմակերպություններում: Բանախոսների թվում էին նաև Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամի անդամներ, փորձագետներ Իրանի, Ռուսաստանի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ոլորտում։ Ձմեռային դպրոցի շրջանակներում ներկայացվել է նաև կենտրոնի կողմից մշակված «Երեք ծովերի  համակարգ» տեսությունը։ Ակնառու էր դպրոցի մասնակիցների հետաքրքրությունը ներկայացված թեմաների շուրջ՝ հաշվի առնելով նրանց հարցադրումները, դիտողությունները և ծավալված քննարկումները։  Դասախոսություններին զուգահեռ ուսանողները հնարավորություն ունեցան այցելել Ազգային Ժողով և հանդիպել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին: Ուսանողները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղել Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներին: Այցեր եղան ՔՄՀԿ գործընկեր հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների գրասենյակներ, մասնավորապես Eurasia Partnership Foundation-Armenia, Cultural & Social Narratives lab. և CivilNet։

Դասախոսություններին և քննարկումներին զուգահեռ ուսանողներն այցելեցին նաև մշակութային և պատմական նշանակության վայրեր. Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Փարաջանովի թանգարան, ինչպես նաև Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա և Գեղարդ վանական համալիր:

Ձմեռային դպրոցը կազմակերպվել և ֆինանսավորվել է Փարիզի «SciencesPo» համալսարանի, Ֆրանս-ռուսական սոցիալական գիտությունների հետազոտական կենտրոնի (French-Russian Research Center for Social Sciences), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի պետական համալսարանի կողմից։ 

Հատուկ շնորհակալություն ձմեռային դպրոցի նախաձեռնության և կազմակերպման հարցում իրենց մեծ ավանդի համար պրոֆեսոր Կատի Ռուսելլեին և պրոֆեսոր Ալեքսանդր Աղաջանյանին։

Կարող է նաև հետաքրքրել ՝