«Խաղաղության հայկական գինը»
Լույս է տեսել ՔՄՀԿ ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը» մենագրությունը
ՔՄՀԿ ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը: 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» մենագրությունը հետազոտում է 1917 թվականի ռուսական հեղափոխությունների օրերին հայ մտավորականության պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Գրքի առանցքում հայ մտավորականության միջև գաղափարական տարբեր հոսանքների և նրանց ու արտաքին գաղափարական ազդեցության կենտրոնների փոխառնչություններն են և համընկնումները։
Հայ մտավորականությանը դիտարկելով լայն համատեքստում՝ այս գիրքն ունի երկու փոխկապակցված հարթություն։ Մի կողմից այն դիտարկում է հայ մտավորականության շրջանում արծարծվող հիմնական թեմաներն ու նրանց միջև եղած տարաձայնությունները, մյուս կողմից՝ Ռուսական և Օսմանյան կայսրություններում ու Եվրոպայում տարածվող գաղափարների ազդեցությունը հայ մտավորականության վրա և դրանք հայկական համատեքստին ադապտացնելու և «հայացնելու» պրակտիկաները։ Հեղինակի ուշադրության կենտրոնում են հեղափոխական իրողությունների վերաբերյալ հայ մտածողների քննարկումներն ու բանավեճերը, հետհեղափոխական Հայաստանի պետական կառուցվածքի և ապագայի մասին պատկերացումները: Աշխատանքը կօգնի հասկանալ, թե հայ միտքն ինչպե՞ս էր ընկալում սոցիալիզմի գաղափարները, հայ մտավորականներն ինչպե՞ս էին առընչվում Պետրոգրադից դեպի նախկին կայսրության ծայրամաս տարածվող հեղափոխական իրավիճակին, արձագանքում դրան կամ անտեսում այն։ Հայաստանի համար ապագայի ի՞նչ պատկերացումներ են ձևավորել նրանց շրջանում, և թե այս մտավորականության համար ի՞նչ էին հեղափոխությունն ու նոր ստեղծված պահը։
Աշխատանքը ցույց է տալիս, որ չնայած Պետրոգրադից եկող քաղաքական ծանրակշիռ ազդեցություններին՝ հայ մտավորականները մշակեցին իրենց քաղաքական պատկերացումները, հայաստանյան ինքնավարության և անկախության այն ընկալումը, որը հայկական, արևմտյան և մերձավորարևելյան ավանդույթները փոխկապակցում էր սոցիալիզմի հետ:
Այս գրքում քննարկվում են Ռուսաստանում կենտրոնական իշխանության վակուումի պայմաններում ծավալվող կովկասյան հայկական իրադարձությունները և այն անելիքները, որ իրենց առաջ դնում էին այդ մտավորականները: Ինչպե՞ս էին նրանք ընկալում «սոցիալիզմը», Լենինի առաջ քաշած «առանց բռնակցումների և փոխհատուցումների» թեզը, և ինչո՞ւ էր հայ մտավորականության մեծամասնությունը հարում Պլեխանովի «պաշտպանողական գծին»։ Հայ մտավորականության շրջանում սոցիալիզմի էության հետ քննարկվում էին նաև ազգի ու դասակարգի հարցերը: Առավել հակված լինելով առաջնահերթությունը տալ ազգին՝ հայ մտավորականությունը քննարկում էր նաև ազգային ինքնորոշման իրավունքն ու ինքնավարության այն սահմանները, որոնք պետք է ապահովեին ազգի զարգացումը: Հարցեր, որոնք տարօրինակորեն արդիական են նաև այսօր։ Հարցեր, որոնք պատասխաններ են ստացել հարյուր տարի առաջ։
Հեղինակի մասին՝
Նաիրա Սահակյանը ուսանել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում։ 2021-ին Ամստերդամի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում։ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող է, դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2022-23 թթ. հրավիրված գիտնական է Քեմբրիջի համալսարանում։ Routledge հեղինակավոր հրատարակչությունը լույս է ընծայել նրա հեղինակած «Մուսուլման ռեֆորմիստներն ու բոլշևիկները» մենագրությունը։ Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։
Սահակյան Նաիրա․ «Խաղաղության հայկական գինը: 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ»․ Եր.: Newmag, 2022.- 304 էջ
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Ռուսական կայսրության կործանումն ու Կովկասը
Գլուխ 2. Հայ մտավորականության «սոցիալիզմ»-ները
Գլուխ 3. Լենինն ու Արևմտյան Հայաստանի խնդիրը
Գլուխ 4. Ինքնավարության որոնումներում. ազգ, լեզու, տարածք
Եզրակացություն