Ժողովրդավարություն, քաղաքական մասնակցություն և անվտանգություն
Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամում մարտի 19-22-ը կայացավ Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ կազմակերպված «Ժողովրդավարություն, քաղաքական մասնակցություն և անվտանգություն» թեմայով քառօրյա գարնանային դպրոցը:
Դասընթացի չորս օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամում մշակված «Երեք ծովերի համակարգ» տեսությանը, համանուն մեգատարածաշրջանում գործող ենթակառուցվածքներին ու անվտանգության հիմնահարցերին, լսեցին դասախոսություններ Քաղաքական բևեռացման և պոպուլիզմի, Մոդերնիզացիոն տեսությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս միտումների, Հարավային Կովկասը և պատերազմն Ուկրաինայում թեմաներով: Դասախոսություններով հանդես եկան Արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊՀ ՀՀԻ առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Աղաջանյանը, Բուխարեստի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի փոխդեկան Oana Valentina-Suciu-ն, դասախոս Raluca Alexandrescu-ն և ասպիրանտ Anca Sandu-ն, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Էրիկ Դավթյանը, ՔՄՀԿ հետազոտողներ Աննա Գևորգյանը և Նարեկ Սուքիասյանը: Դպրոցին մասնակցում էին Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողներ, որոնք ևս կիսվեցին իրենց հետազոտությունների արդյունքներով:
Գարնանային դպրոցը «Ընդլայնելով Հայաստան-Ռումինիա երկխոսությունը ակադեմիական փոխանակման միջոցով» ծրագրի բաղադրիչներից մեկն է և իրականացվել է Black Sea Trust for Regional Cooperation հիմնադրամի աջակցությամբ:


