Skip to main content

«Երեք ծովերի համակարգ» տեսություն

«Երեք ծովերի համակարգ» հայեցակարգը Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերջին մի քանի տարիների հիմնական գիտական թեմաներից մեկն է։ «Երեք ծովերի» համակարգի տեսական և մեթոդական հետազոտությունների արդյունքները հրապարակվել են կենտրոնի «Վերլուծական տեղեկագիր» ժողովածուներում։ Այսօր համաշխարհային տեղեկատվական քաղաքակրթությունը կարծես իր զարգացման կարևոր մի հանգրվանում է, որի արդյունքում սեղմվել են և՛ ժամանակը, և՛ տարածությունը, ինչն էապես փոխում է աշխարհաքաղաքական փոփոխականները  և հուշում, որ պետք է վերաիմաստավորել նաև քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային վերլուծությունների գնահատման համակարգը։  Տեխնոլոգիական զարգացումը և անընդհատ փոփոխվող աշխարհը ստեղծել է մի իրավիճակ, որում այլևս գոյություն չունեն ավտոնոմ տարածաշրջաններ և էապես աճել է փոխազդեցությունների ծավալը։ Արդյունքում, ցանկացած տարածաշրջան ակտուալ կերպով կապված է աշխարհի զգալի մասի, իսկ պոտենցիալ կամ հնարավոր կերպով՝ ամբողջ աշխարհի հետ: Տարածաշրջանային և գլոբալ գործընթացներում Հայաստանի Հանրապետության տեղն ու դերը ուսումնասիրելու և գնահատելու համար Քաղաթակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում մշակվել է «Երեք ծովերի համակարգ» հայեցակարգը‚ որը հնարավորություն է տալիս ներկայացնել ժամանակակից աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, քաղաքական և տեղեկատվական գործընթացները՝ ժամանակի և տարածության կատեգորիաների փոփոխության, այն է՝ աշխարհընկալման և աշխարհի պատկերի ձևավորման սկզբունքորեն նոր պայմաններում: «Երեք ծովերի» հայեցակարգը դիտարկում է Միջերկրական, Սև և Կասպից ծովերի ավազանում առկա շահերը, խնդիրները, կոնֆլիկտները և համագործակցության հնարավորությունները մեկ միասնական համակարգում և հիմնվում է «տարածաշրջանի» ինչպես ավանդական քաղաքական և աշխարհագրական հիմնավորման, այնպես էլ դրա իրական իմաստային բեռնվածքների վրա։ «Երեք ծովերի համակարգի» հիմնական բնութագրիչները հետևյալն են․
  • տարածաշրջանում առկա բնական ռեսուրսների միասնական հասանելիության օբյեկտիվ անհրաժեշտությունը,
  • աշխատանքային ռեսուրսների և գործիքակազմի մասնագիտական զարգացման առանձնահատկությունները,
  • կոմունիկացիոն ենթակառուցվածքների միասնականության հարաբերական հասանելիությունն և դյուրացումը,
  • գերիշխող արժեքային և համընդհանուր վտանգների գիտակցումը։
Միջին Արևելքում‚ մասնավորապես` արաբական երկրներում, Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման պայմաններում և Իրանի շուրջ‚ Միջին Ասիայում‚ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Արցախյան երկրորդ պատերազմի և տարածաշրջանում ուժային բալանսի խախտման/փոփոխության արդյունքում ստեղծված իրողություններում գլոբալ խաղացողների ներգրավվածությունն արդիական են դարձնում «Երեք ծովերի համակարգի» ուսումնասիրման կարևորությունը` ՀՀ-ին և հայությանը սպառնացող հնարավոր վտանգներն ու ռիսկերը հաշվարկելու և կանխատեսելու համար՝ հընթացս մշակելով դրանց արձագանքելու ռազմավարությունը: Թեմայի հետազոտման հիմնական խնդիրներն են՝
  • վերլուծել տարածաշրջանային քաղաքական և հասարակական գործընթացներում ցանցային համակարգերի դերը և դրանց ազդեցությունը ՀՀ և հայության անվտանգության վրա,
  • ուսումնասիրել Արցախյան երկրորդ պատերազմի և տարածաշրջանում ուժային բալանսի խախտման/փոփոխության արդյունքում ՀՀ-ի և հայության անվտանգությանը սպառնացող նոր մարտահրավերները,
  • ուսումնասիրել ցանցայնացման պայմաններում պետության ֆունկցիաների փոփոխման հնարավորությունները և դրանց կաղապարները,
  • քարտեզագրել ուսումնասիրության արդյունքում վեր հանված խնդիրները,
  • առաջարկել լուծումներ ձևակերպված խնդիրների համար,
  • հանրայնացնել առաջարկվող լուծումները քննարկումների, կլոր-սեղանների, դասախոսությունների և գիտական հրապարակումների միջոցով,
  • ձևավորել առաջարկություններ համապատասխան պետական մարմինների համար՝ կատարված ուսումնասիրությունների հիման վրա,
  • որպես հեռահար նպատակ նախատեսվում է ստեղծել մի հաշվարկային համակարգ, որը հնարավորւթյուն է տալու մեկ հարթակի վրա հավաքել հայեցակարգի բնութագրիչներից բխող և տարածաշրջանի համար աննախադեպ տվյալների համադրություն պատկերող բազա (dataset), որի հիման վրա ծրագրային թիմը կիրականացնի ինչպես պարբերական, այնպես էլ թիրախային վերլուծություններ, միևնույն ժամանակ հնարավորություն ստանալով առավել ցայտուն կերպով դիտարկել գործընթացները ժամանակային և տարածական դինամիկայի մեջ և իրականացնել տարբեր համախմբերի միջև համեմատական վերլուծություններ:

Կարող է նաև հետաքրքրել ՝