Արտաքին քաղաքականության ակումբ
«Արտաքին քաղաքականության ակումբը» հայաստանյան դիվանագետներին, միջազգայանագետներին ու քաղաքագետներին միավորող համահայկական ցանց է լինելու՝ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ու առաջնահերթությունների վերհանումը, վերլուծումն ու առաջարկությունների պատրաստումը որպես նպատակ ունենալով։
Ներկայիս քաղաքական դաշտում առկա շահարկումներին ու կեղծիքներին դիմագրավելու, արտաքին քաղաքականությանը վերաբերող խոսույթի ճգնաժամը հաղթահարելու, ինչպես նաև արտաքին անվտանգային քաղաքականությանը վերաբերող գիտելիքահենք մոտեցումների մշակման համար ստեղծվում է «Արտաքին քաղաքականության ակումբը» (ԱՔԱ), որը կլինի հասարակական ոչ կուսակցական հարթակ արտաքին քաղաքականության արդիական հիմնախնդիրների մասնագիտական քննարկումների համար։ Այս հարթակի շուրջ կստեղծվի մասնագետների հայաստանյան և տարածաշրջանային ցանց, որը հնարավորություն կտա նոր գաղափարները, նորարար լուծումներն և նախաձեռնությունները արագորեն դնել շրջանառության մեջ։
Ակումբի ու նրա առանձին անդամների, խմբերի մշակած տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ծրագրերը կներկայացվեն նաև շահագրգիռ կառույցներին և որոշում ընդունողներին, ինչը մասնագիտական խոհրդատվություն իրականացնող կառույցների բացը լրացնելու փորձ կլինի։ Որպես արտաքին քաղաքականության արդիական հիմնախնդիրների մասնագիտական քննարկումների համար նախատեսված հասարակական ոչ կուսակցական հարթակ՝ ԱՔԱ-ն հնարավորություն կունենա համախմբել ոլորտի լավագույն մասնագետներին ու շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին՝ բովանդակային ու երկարաժամկետ ռազմավարության ծրագրեր մշակելու ու դրանց իրականացման ուղիները քննարկելու համար: Ակումբը կգործի կենտրոն ունեցող ցանցերի տրամաբանությամբ և իր շուրջը կհամախմբի ինչպես հայաստանյան, այնպես էլ Հայաստանից դուրս գործող և Հայաստանի ապագայով մտահոգ մասնագետներին:
Ակումբի շահառու խմբերն են լինելու որոշում կայացնող գերատեսչությունները, լրագրողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ուսանողները, լայն հանրությունը։
___________________________
Ծրագիրը ֆիանսավորվում է ԵՄ-ի կողմից Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամ-Հայաստանի հետ համագործակցությամբ։