Skip to main content

«Ադապտացիոն մեխանիզմներ» տեսություն

Համաշխարհային և տարածաշրջանային կենտրոնների տարատեսակ ազդեցությունները ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ քաղաքակրթական հոսքերի ձևով թափանցելով մշակութային և ենթամշակութային համակարգերի ներքին հարթություններ՝ սկզբունքային փոփոխությունների են ենթարկում այդ համակարգերի հիմնարար արժեքների էությունը՝ առաջացնելով ինքնության վերահաստատման և վերաձևակերպման հետ կապված հիմնախնդիրներ։ Այս գործընթացները ունեն տարատեսակ դրսևորումներ՝ արտահայտվելով թե՛ քաղաքակրթական, և թե՛ մշակութային ոլորտներում, ձևակերպվելով որպես գաղափարախոսություններ, պետական և ազգային անվտանգության հայեցակարգեր, քաղաքական ծրագրեր և հիմնադրույթներ, էթնիկական, հասարակական շարժումներ։ ՔՄՀԿ-ի կողմից մշակույթների ադապտացիոն համակարգերի ուսումնասիրության և պետական և հասարակական համակարգերի փոխակերպման ուսումնասիրության հիմքում ընկած է այն  հիմնադրույթը, որ ցանկացած պատմական ժամանակաշրջանի էությունը ձևավորվում է միայն իրեն հատուկ քաղաքակրթական համակարգի սկզբունքների հիման վրա, որն ընդհանուր է բոլոր մշակույթների համար, սակայն կարող է իր մեջ պահպանել նախորդ քաղաքակրթական համակարգերից ժառանգած տարրեր։ Մշակույթները բազմաթիվ են, և դրանցից յուրաքանչյուրը փորձում է լուծել քաղաքակրթական համակարգի շրջանակներում իր ադապտացման խնդիրները։ Այդ մեխանիզմների բացահայտումը և դրանց աշխատանքի սկզբունքների պարզաբանումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով լուծել արժեհամակարգերի մրցակցության, ինքնության առջև կանգնած մարտահրավերների, պետական և հասարակական գործընթացների կառավարմանը վերաբերող հիմնախնդիրները։ Հայաստանի Հանրապետությունը հարավկովկասյան տարածաշրջանի հետ միասին նոր ձևավորվող մեգատարածաշրջանների խաչման կետում է: Աշխարհաքաղաքական և՛ տարածաշրջանային, և՛ գլոբալ ծրագրերն էլ նպատակամղված են ամբողջականացված  ենթակառուցվածքների համակարգի ստեղծմանը, ինչը թույլ կտա ծրագրերի նախաձեռնողներին այդ ենթակառուցվածքների միջոցով վերահսկել շրջանառության մեջ դրվող ռեսուրսները և միջոցները։ Այս ամենը նոր տիպի խնդիրներ է դնում Հայաստանի պետության և հասարակության առջև, քանի որ արդիական դարձած հիմնահարցերը առնչվում են ոչ միայն ենթակառուցվածքային հարցերին, այլ նաև՝ քաղաքակրթական և, լայն իմաստով՝ մշակութային։ Մյուս կողմից տարածաշրջանը բազմաէթնիկ և բազմակոնֆեսիոնալ կառուցվածք ունի, ակտիվ է իսլամական գործոնի դերը, ինչն ավելի խայտաբղետ է դարձնում նրա պատկերը։ ՀՀ ոչ միայն քաղաքական և տնտեսական շահերից, այլ նաև ներկայումս առկա քաղաքակրթական և մշակութային զարգացման տրամաբանությունն ըմբռնելու անհրաժեշտությունից բխում է թե՛ մշակութային ադապտացիոն համակարգի ուսումնասիրությունը, և՛ թե տարածաշրջանի և այն կազմող տարրերի  գիտական ուսումնասիրությունը: Թեմայի հետազոտման հիմնական խնդիրներն են՝
  • Հետազոտել արժեքային համակարգերի և քաղաքակրթական հոսքերի փոխազդեցությունների սկզբունքները։
  • Հետազոտել «արժեքային համակարգեր – մշակութային նորմեր–քաղաքակրթական կառույցներ» համակարգը, վերլուծել այդ համակարգում տեղի ունեցող տեղաշարժերի պատճառները։
  • Տարածաշրջանային քաղաքական և հասարակական գործընթացները վերլուծել՝ վերը նշված հիմնադրույթներից ելնելով։
  • Ուսումնասիրել գլոբալացման պայմաններում պետության ֆունկցիաների փոփոխման հնարավորությունները և դրանց կաղապարները։
  • Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ձևավորել առաջարկություններ համապատասխան պետական մարմինների համար։

Կարող է նաև հետաքրքրել ՝